Թուրքիան ռուս-ուկրաինական պատերազմում, թերևս, ամենահակառուսն է, հակառուսական քարոզչության լոկոմոտիվն է։ Այստեղ ևս անում է այնպես, որ իր ականջները չերևան, բայց վերջին օրերի շրջադարձային դեպքերը պատճառ դարձան, որ Թուրքիան որոշակիորեն բացի իր դեմքը։
Փետրվարի 21-ին Էրդողանը ելույթ է ունեցել իշխող կուսակցության համագումարին, ելույթի հիմանական մեխը եղել է հենց հակառուսականությունը կամ Ռուսաստանի հետ մրցակցությունը։ Էրդողանը համոզմունք է հայտնել, որ Թուրքիայի համար նոր դարաշրջան է մոտենում, որ Թուրքիան կարող է դառնալ աշխարհաքաղաքական կենտրոն։ Չի դադարում կռվել Ռուսաստանի ստվերի հետ՝ մեղադրելով ՌԴ-ին այլ պետության տարածքային ամբողջականությունը խախտելու և դրան ուժով տիրանալու մեջ։
Աչքի տակ ունենալով թուրքական մամուլը՝ կարող եմ վստահաբար ասել, որ Թուրքիայում հակառուսականությունը պաշտոնական հովանավորություն ունի, որքան էլ փորձում են դիվանագիտորեն դա թաքցնել։
Այս ամենով հանդերձ, պետք է ասեմ, որ Թուրքիան այն եզակի պետություններից է, որ ՌԴ-ի դեմ սանկցիաներին չի միացել, ավելին, օգտվել և օգտվում է այդ առիթից ու իր գործն անում:
Կարեն Հովհաննիսյան